ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

PrintPrintEmailEmail

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն փաստաթղթում ներկայացվում են ԱԱՀ Թուրքիայի աշխատանքային խմբի կողմից ձեռք բերված եզրակացությունները վնասների գնահատման հարցում

Երևան– 2013



ՆԱԽԱԲԱՆ

Նախքան Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների համար փոխհատուցում պահանջի գործընթաց նախաձեռնելը անհրաժեշտ է որոշել, որն է արևմտահայության կրած նյութական կորուստը և համապատասխան դրա հաշվարկել փոխհատուցման չափը։

Տեսականորեն գոյություն ունի կորուստների հաշվարկման երկու եղանակ։

  1. նախաձեռնել համապարփակ և համընդգրկուն պատմական ուսումնասիրություն և կառուցել հաշվարկները դրա արդյունքների հիման վրա։
  2. հենվել նախկինում կատարված հաշվարկի վրա, օգտագործել, նորից շրջանառության մեջ դնել դրա արդյունքները։

 

Գտնում ենք, որ առկա իրողությունների պայմաններում առաջին ուղղությամբ շարժվելը ոչ հեռանկարային է` ելնելով հետևյալ հիմնական նկատառումներից.

  1. Ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստի ցանկացած հաշվարկ, ինչքան էլ խորը և համապարփակ այն լինի, միևնույնն է չի արտացոլելու իրական պատկերը, լինելու է մոտավոր, այսինքն դրա հիմքում դրվելու են այս կամ այլ ուսումնասիրողի քիչ թե շատ հիմնավորված եզրակացությունները։ Դա պայմանավորված է նրանով, որ պատմագիտությունը ներկա դրությամբ իր տրամադրության տակ չունի հավաստի տվյալներ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հայ բնակչության թվաքանակի, դրան համապատասխան` անհատական ունեցվածքի և գույքի վերաբերյալ։ Եվ Օսմանյան իշխանությունները և իրենք`հայերը տարբեր նկատառումներով շահագրգռված են եղել թաքցնելու հայերի թիվն ու ունեցվածքի վերաբերյալ տվյալները։
  2. Ներկա դրությամբ հրապարակի վրա առկա է խնդրո առարկա հարցին վերաբերող սկզբնաղբյուրի արժեք ունեցող ահռելի քանակությամբ նյութ` հիմնականում հայերեն և թուրքերեն (օսմաներեն), բայց նաև այլ լեզուներով։ Այդ նյութրը ինչպես վերաբերում են առանձին բնակավայրերին, այդպես էլ կրում են ընդհանուր բնույթ, դրանց տվյալները հակասական են, հաճախ իրարամերժ։   Հաշվի առնելով տվյալ իրողությունը ինքնուրույն հաշվարկ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի երկարամյա աշխատանք, որը պետք է իրականացվի ոչ թե առանձին ուսումնասիրողի, այլ ուսումնասիրողների խմբի կողմից` կոնկրետ գիտական մեթոդիկայի մշակմամբ։
  3. Անգամ նման ուսումնասիրության կատարման դեպքում` ուսումնասիրության վերջնական արդյունքը` կորուստի հաշվարկը լինելու է մոտավոր և տարբեր բնույթի քննադատության համար խոցելի։

 

Ելնելով վերոնշյալ նկատառումներից ճիշտ ենք գտնում շարժվել երկրորդ ուղիով,այսինքն` շրջանառության մեջ դնել կորուստների նախկինում կտարված մի հաշվարկ, նամանավանդ, մենք ունենք մեր տրամադրության տակ առկա նման փաստաթուղթ, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։ Այդ փաստաթուղթն է` Հայ ժողովրդի կրած նյութական վնասների մոտավոր հաշվեկշիռը, որը կազմվել է Հայ ազգային պատվիրակության (նախագահ` Պողոս Նուբար) և Հայաստանի Հանրապետության պատվիրակության (նախագահ Ավետիս Ահարոնյան) կողմից և համատեղ ստորագրությամբ որպես հուշագիր ներկայացվել 1919թ. Անտանտի տերությունների ուշադրությանը` Փարիզում հրավիրված խաղաղության վեհաժողովին։  

   Ի տարբերություն անցյալում կատարված և ապագայում հնարավոր որևէ այլ ուսումնասիրության, տվյալ փաստաթուղը օժտված է մի շարք առավելություններով, որոնք երբևիցե հնարավոր չի լինելու գերազանցել կամ անտեսել։ Փաստաթղթի հիմնական առավելություններն են.

  1. Փաստաթուղթը ունի պաշտոնական կարգավիճակ, այսինքն այն օժտված է լեգիտիմությամբ, որից ցանկացած այլ հաշվարկ զուրկ է մնալու
  2. Փաստաթուղթը ամբողջական է` այն ներառում է Ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի կորուստների բոլոր ասպեկտները։
  3. Փաստաթղթում տրված է արևմտահայության մարդկային և նյութական կարուստի դրամական արտահայտությունը` դրա համար իրավասու պաշտոնական մարմնի կողմից
  4. Փաստաթուղթը կազմված է գիտական հնարավորինս ճշգրիտ մոտեցումներով, ներկայացնում է ճշտված եւ վերանայված նվազագույն հաշվարկների արդյունքում ստացած ահավոր վնասների պատկերը։
  5. Առկա է պատմագիտական լայնածավալ արխիվ նրա ստեղծման, կազմման եւ հաղթական պետությունների կոնֆերանսին ներկայացման վերաբերյալ։

 

Ստորև կներկայացնենք Հուշագրի բովանդակությունը և դրա կազման հանգամանքները։

 

 

Հայ ժողովրդի նյութական վնասների վերաբերյալ հուշագրի բովանդակությունը

Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի և նրա դաշնակից Գերմանիայի ու Ավստրո–Հունգարիայի պարտությունից անմիջապես հետո հայ ժողովուրդը բարձրացրեց Մեծ եղեռնի արդյունքում իր կրած մարդկային և նյութական կորուստների համար տարածքային և նյութական պատասխանատվության խնդիրը։

1919թ. փետրվարին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացվեց երկու հուշագիր,  մեկում հայ ժողովուրդը առաջ էր քաշում իր քաղաքական (տարածքային) պահանջները, մյուսը նվիրված էր Առաջին աշխարհամարտի ընթացքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների համար դրամական փոխհատուցման խնդրին (ռեպարացիաներ)։ Հաղթանակած պետությունների ուշադրության ուշադրությանը ներկայացնելուց անմիջապես հետո այս երկու հուշագրերը թարգմանվեցին հայերեն և անգլերեն լեզուներով և հրատարակվեցին առանձին գրքույկներով։

            Դրամական փոխհատուցմանը վերաբերող հուշագիրը կրում է «Tableau approximatif des réparations et indemnités pour les dommages subis par la nation arménienne en Arménie de Turquie et dans la République Arménienne du Caucase» վերնագիրը։

            Հաշվեկշիռը կազմված է յուրաքանչյուր հայ ընտանիքին հասցված վնասի հաշվարկով, միջպատերազմյան կամ հին գների միջին արժեքի և 1919թ. գործող գների միջին արժեքի չափով, ֆրանսիական դրամանիշի` ֆրանկի արտահայտությամբ։

            Հաշվեկշիռը բաղկացած է երկու մասից և հիմնականում նպատակ էր հետապնդում հատկացումների և հատուցումների պայմանով վերականգնել հայ ժողովրդի կրած նյութական վնասները։  

Փաստաթուղթը բաղկացած է երկու մասից. առաջին մասում ներկայացված է արևմտահայերի կոտորածների և տեղահանության արդյունքում մարդկային և նյութական կորստի և դրա փոխհատուցման չափի հաշվարկ, իսկ երկրորդ մասը նվիրված է 1918թ. թուրքական առաջխաղացման և օկուպացիայի արդյունքում Արևելյան Հայաստանի տարածքում բնակվող հայերի կորուստներին։

Հշվեկշռի բնագրի առաջին` Արևմտյան Հայաստանին վերաբերող մասում Հայկական պատվիրակությունները անհրաժեշտ են համարել նախապես նշել երեք կարևոր հանգամանք։

  1. Համաշխարհային պատերազմի ընթացքում որևէ մեկ այլ վայրում չցուցաբերվեցին հրդեհելու, ավերելու, կողոպտելու յնքան մոլեգին արարքներ, որոնք տեղի ունեցան Հայայստանում, որտեղ հետևողականորեն գործադրվեցին բնակչության բնաջնջման պաշտոնական գործողությունները։
  2. Պատերազմակն գործողությունների մեկ այլ վայրում պաշտոնապես եթե բնակչության մեկ մասին թույլտվություն և ամբողջական ազատություն չտրվեց մյուս մասի ոչնչացնելու և կողոպտելու համար, ապա Հայաստանում թուրքական կառավարությունը թուրքերին և քրդերին ազատ գործելու թույլատվություն և հնարավորություն տվեց։
  3. Ավերածությունների ենթարկված և ոչ մի երկիր ու տարածք այնպիսի դժվարությունների առաջ չկանգնեց, ինչպիսինը Հայաստանն էր, որն իր աշխարհագրական դիրքի, հաղորդակցական միջոցների պակասության և ամբողջովին կործանված ու ավերակներին վերածվելու պատճառով չէր կարող իրականացնել վերաշինության, վերանորոգման և վերականգնման գործը։

 

Փարիզի վեհաժողովին ներկայացված հաշվեկշռի ներածական բաժնումառաջին անգամ փորձ է կատարվում պաշտոնապես տեղեկացնել պատերազմի մասնակից պետություններին, թե պատերազմի չորս տարիներին ինչպիսի փոփոխություն է կրել Օսմանյան Թուրքիայի տարածքում բնակվող հայ ազգաբնակչության թվակազմը։ Ըստ այդ տեղեկատվության, 1914թ. Օսմանյան կայսրությունում հայերի ընդհանուր թիվը կազմում էր 2,026,000 մարդ։ Այդ  այդ ընդհանուր թվից առանձնացվում է Կոստանդնուպոլսից, Զմյուռնիայից և մի քանի այլ շրջաններից չտեղահանված 226,000 հայերի թիվը, իսկ մնացյալ 1,800,000 հայերը ոչնչացան, տեղահանվեցին ու ապաստան գտան Եվրոպայում և Կովկասում`լքելով իրենց տներն ու գույքը։

Վիճակագրական հաշվարկների սկզբունքների կիրառմամբ այդ 1,800,000 հայերը կազմում էին 360,000 ընտանիք (1 ընտանիք` 5 շունչ), որոնց մեկ քառորդը 90,000 ընտանիքներ բնակվում էին քաղաքներում, իսկ մնացած 270,000 ընտանիքները` գավառներում։

Ստորև ներկայացվում է հայ ժողովրդի կրած նյութական վնասների մոտավոր հաշվեկշռի գլխավոր հաշվարկները.

 

Ա. Գավառների բնակչության կրած վնասները (մեկ ընտանիքի հաշվարկով)

1914թ. գինը

1919թ. Գինը

1. Կալվածքներ (տներ, ագարակներ, մթերանոցներ, ջրաղացներ, անտառներ, այգիներ, թթենի տնկարաններ)

475

2850

2. Կահ–կարասի (կարասի, հագուստեղեն և գոհարեղեն, գույք)

600

3000

3. Երկրագործական գործիքներ (արոր, սայլ և կառք)

300

1500

4. Մեկամյա հունձքերի կորուստ (հաշվարկը կատարվել է Թուրքիայի երեսփոխանական ժողովի 1911թ. տարեկան պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած վիճակագրության համաձայն, ըստ որի հայկական վեց գավառների վճարված տուրքը` տասնորդը կազմել էր 992,583 թուրքական ոսկի։ Ըստ հաշվարկի յուրաքանչյուր հայ ընտանիքի մեկամյա հունձքի արժեքը կազմել է 1488 դահեկան կամ 338 ֆրանկ)

-

338

5. Արջառ.

Յուրաքանչյուր ընտանիքի համար հաշվարկվել է

 

 

ա. Վարող արջառ – 1,5 զույգ (1 զույգ եզը 10 թուրքական ոսկի (230 ֆրանկ) արժեքով)

375

3000

բ. Տնային այլ կենդանիներ (կով, հորթ, ձի)

187,5

1500

գ. Ոչխար և այծ (ըստ հաշվարկների յուրաքանչյուր ընտանիք հարկ է վճարել 14 ոչխար և այծ պահելու համար, որը կազմել է 55 դահեկան)։ Մեկ ոչխարի կամ այծի գինը կազմել է 20 ֆրանկ

280

1680

6. Պարեն (հաշվարկվել է յուրաքանչյուր ընտանիքի 6 ամսվա սննդամթերքի և անասունների կերի արժեքը)

287,5

2875

7. Դրամագլուխ (ծախսվող դրամագլուխը)

 

300

Մեկ ընտանիքի կրած վնասները

 

17043

Գավառներում ապրող 270,000 ընտանիքների կրած վնասները

 

4,601,610,000

 

Բ. Քաղաքների բնակչության վնասները և վերականգնման համար նրանց կարիքները (մեկ ընտանիքի հաշվարկով)

8. Կալվածքներ (բնակարաններ, մենատներ, վաճառատներ, հյուրանոցներ, գործարաններ, արհեստանոցներ, խանութներ, ջրաղացներ, պարտեզներ, այգիներ և անտառներ)

1900

15200

9. Կահ–կարասի (կահույք, հագուստեղեն և գոհարեղեն, գույք)

1800

9000

10. Պարեն (վեց ամսվա հաշվարկով)

575

5750

11.  Դրամագլուխ (առևտրականների, արվեստագետների և արհեստավորների արժեթղթեր, ապրանքներ և հիմնադրամ)

-

6000

Մեկ ընտանիքի կրած վնասը

 

35950

Քաղաքային բնակչության 90000 ընտանիքների կրած վնասը

 

3.235.500.000

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎՆԱՍՆԵՐ

Գ. Մարդկային կորուստներ

 

 

12. Հատուցումներ մեկ միլիոն ոչնչացված մարդկանց վերապրող ժառանգներին (իսկ նրանց բացակայության դեպքում` ազգին), յուրաքանչյուր մարդուն 5000 ֆրանկի չափով

 

5.000.000.000

13. Հատուցումներ 50000 հաշմանդամներին, վիրավորներին և անբուժելի հաշմանդամներին, յուրաքանչյուրին 5000 ֆրանկի չափով

 

250.000.000

14. Հատուցումներ 346350 աքսորվածների ժառանգորդներին, յուրաքանչյուրին 1000 ֆրանկի չափով

 

346.350.000

15. Հատուցումներ աքսորից վերապրողներին, արտասահմանում ապաստանածներին, որոնք զրկվել են աշխատանքից և սեփականության իրավունքից, 800000 մարդու կամ 160000 ընտանիքի հաշվարկով, յուրաքանչյուր ընտանիքին 4000 ֆրանկի չափով  

 

640.000.000

16. Հատուցումներ կաշառակերության և բռնագրավման և բռնագրավման հետևանքով կրած վնասների

 

200.000.000

17. Արտասահմանում ապաստան գտած գաղթականներին (հիվանդանոցների, որբանոցների և առողջապահական հաստատությունների պահպանության և մատակարարման համար)

 

200.000.000

18. Հատուցումներ ազգային և կրոնական հաստատությունների ամբողջական կամ մասնակի ավերումների համար, այդ թվում`

- 83 առաջնորդարաններ

- 1860 եկեղեցի և մատուռ

- 229 վանքեր

- 26 վարժարաններ և դպրեվանքեր

- 1439 դպրոցներ

- 42 որբանոցներ, իրենց գույքով, ինչպես նաև ձեռագիր մագաղաթներ և պատմագեղարվեստական հուշարձաններ և արժեքներ  

 

 

75.000.000

19. Ջրանցքներ, աղբյուրներ, ջրհորներ և այլ կառույցներ

 

50.000.000

Ընդամենը

 

6.761.350.000

 

Ա. Ընդամենը գավառների բնակչության կրած վնասները   4.601.610.000

Բ. Ընդամենը Քաղաքների բնակչության վնասներ             3.235.500.000

Գ. Ընդամենը ընդհանուր վնասներ`                                  6.761.350.000

 

Ընդհանուր գումար`  14.598.460.000 ֆրանկ

Այսպիսով, խաղաղության վեհաժողովին Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի կողմից ներկայացված հայերի նյութական պահանջների վերաբերյալ հուշագրում հայ ժողովրդին թուրքերի հասցրած վնասները կազմում են 19 մլրդ 130 մլն 932 հազար ֆրանկ (1919 թվականին Ֆրանսիայում գործող գների համապատասխան), որից Արևմտյան Հայաստանին բաժին է ընկնում 14 մլրդ 598 մլն 460 հազ., իսկ Հայաստանի Հանրապետությանը և Կովկասի հայաբնակ շրջաններին ` 4 մլրդ 532 մլն 472 հազ. ֆրանկ:

 


 

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ՉՀԱՏՈՒՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ԸՍՏ ԻՆՖԼԱՑԻԱՅԻ ԵՒ ՏՈԿՈՍՆԵՐԻ

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1919 ԹՎԱԿԱՆԻ ՓԱՐԻԶԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԲԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

«ՀԱՅՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ» ՀՈՒՇԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը ազդարարող Մուդրոսի զինադադարի կնքումից 1 օր հետո` 1918թ. հոկտեմբերի 31-ին Թիֆլիսում կայանում է Հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նիստը Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ։ Խորհուրդը, լսելով քարտուղար Հ. Համբարձումյանի զեկուցումը Հաշտության համագումարին հայ ժողովրդի կողմից մի հուշագիր ներկայացնելու մասին և այդ հուշագիրը կազմելու գործի կազմակերպության մասին, միաձայն որոշում է հուշագիրը կազմելու գործը իրագործելու համար ընտրել մի հանձնաժողով` բաղկացած Խորհրդի գործադիր մարմնի անդամներից ինչպես նաև Պողոս Աբելյանից[1], Ջ. Տեր–Գրիգորյանից, Թադևոս Խզմալյանից[2], Ն. Սարգսյանից։[3]    

1918թ. նոյեմբերի 2-ին կայանում է հուշագիրը կազմող հանձնաժողովի նիստը, որին ներկա էին Խորհրդի գործադիր մարմնի անդամները` Հովհաննես Թումանյանը, Համազասպ Համբարձումյանը և Մարգար Ավետիսյանը, հանձնաժողովի անդամներ` Ն. Սարգսյանը, Խզմալյանը, Պ. Աբելյանը, Ջ. Տեր–Գրիգորյանը, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի կառավարության դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը։ Նիստում որոշվեց Հուշագիրը կազմակերպելու խնդիրը քննելու նպատակով նշանակել մի այլ նիստ, որին հրավիրել մասնակցելու. 1) Հովսեփ Խունունցին[4], 2) Մ. Բունիաթյանին, 3) պրոֆեսոր Յուրի Ղամբարյանին[5], 4) տնտեսագետ Հարություն Փիրալյանին, 5) Մինաս Բերբերյանին, 6) գաղթականական գործի վարիչ Հով. Արղությանին, 7) Ազգային խորհրդի նախագահին և 8) Իսահակ Դոլուխանյանին։[6]        

Այս հանձնաժողովի հիման վրա և զուգահեռ 1918թ. նոյեմբերի 21-ին, Թիֆլիսում գործող մի շարք հայրենակցական միությունների նախաձեռնության և նախապատրաստական որոշակի աշխատանքների արդյունքում, Հայ հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվում է §Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողով¦-ը: Քննիչ հանձնաժողովի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցած  Հովհաննես Թումանյանն էլ ընտրվում է կազմակերպության նախագահ:

 

Ա-      Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի խնդիրներն ու կարգավիճակը

Քննիչ հանձնաժողովի կենտրոնական բյուրոյի կազմում ընդգրկվում են Լեոն, Խաչատուր Վերմիշյանը, Տիգրան Հովհաննիսյանը, զինվորական ներկայացուցիչը, ֆինանսական ներկայացուցիչը և Վրաստանում ՀՀ ներկայացչության ղեկավար Ա. Ջամալյանը ի պաշտոնե։[7] Բյուրոյի նախագահ է ընտրվում Հովհաննես Թումանյանը։

Քննիչ հանձնաժողովիև նրա ղեկավար մարմնի` Բյուրոյի նպատակն էր հավաքել և մշակել ստուգված նյութեր` ապագա հաշտության համաժողովին ներկայացվելիք հուշագրի պատրաստման համար։[8],[9] Այդ նպատակը հանձնաժողովը իրագործելու էր «ցուցակագրելով և սիստեմի վերածելով այն բոլոր փաստերը, որ կարող են տալ հայ ժողովրդի դեմ միասին գործող տաճկական և Ատրպատական պետությունների կողմից կրած նյութական վնասների և բռնությունների ամբողջական պատկերը»։[10]  Բյուրոյի ստեղծման առաջին իսկ օրվանից քայլեր ձեռնարկվեցին այն ՀՀ կառավարության կողմից ճանաչվելու ուղղությամբ։ Արդեն դեկտեմբերի 14–ին Թումանյանը զորավար Անդրանիկին հասցեագրված նամակում նշում է, որ ՀՀ կառավարությունը արդեն «տվել է իր սանկցիան»։[11]

Եվ այսպես, խորապես համոզված լինելով, որ առաջիկայում Փարիզում տեղի ունենալիք Խաղաղության վեհաժողովը  կլուծի պատերազմում հայ ժողովրդի կրած կորուստների հարցը, կանխելով, թերևս, նորաստեղծ և բազում ցավերի մեջ գրեթե մոլորված կառավարությանը, հայ մտավորական բարձր շրջանակներն ստեղծում են հատուկ հանձնաժողով, որը պետք է նյութեր հավաքեր Խաղաղության վեհաժողովին հղվելիք հուշագրի նախապատրաստման համար: Հանձնախումբը շատ արագ ստանում է նաև կառավարության թույլտվությունը և, փաստորեն, գործում որպես պետական իրավասություններով օժտված հանձնախումբ: Ավելին, ՀՀ 1919 թ. հունիսի 24-ի օրենքի համաձայն հանձնաժողովի կողմից §հավաքված ու մշակված նյութերը կազմում են Հայաստանի կառավարության սեփականությունը¦:[12]

Հանձնաժողովի չորս բաժիններից մեկը` Տնտեսական բաժինը պետք է զբաղվեր աշախարհամարտի շրջանում հայության ունեցած նյութական կորուստների հաշվառումով: Այդ բաժինը նախ ղեկավարում էր Քրիստափոր Վերմիշյանը[13], իսկ կարճ ժամանակ անց` Աշոտ Աթանասյանը:  Հանձնաժողովը գործել է որոշակի կանոնադրությամբ ու հատուկ հրահանգով: Ունենալով պետական կարգավիճակ, հանձնաժողովը նաև որոշակի ֆինանսավորում է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարությունից: Հատկանշական է, որ հանձնաժողովի աշխատանքներով հետաքրքրվել և օժանդակելու ցանկություն է հայտնել Թիֆլիսում ամերիկյան հյուպատոսը:

 

Բ-      Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի աշխատանքների նկարագիրը

Չնայած 1918-ի դեկտեմբերին բռնկված Հայ-վրացական պատերազմը որոշ ժամանակ կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը, այնուհանդերձ, ինչպես գրում է Ա. Զաքարյանը. «1919 թ. հունվարի վերջին Քննիչ հանձնաժողովը վերսկսում է իր աշխատանքը և «Ռուսահայաստանում, Պարսկահայաստանում և Հյուսիսային Կովկասում» ծավալում բուռն գործունեություն. կարճ ժամանակում այն իր տրամադրության տակ արդեն ուներ տասնյակ հազարավոր հայտարարություններ անհատական վնասների մասին Ալեքսանդրապոլից, Հյուսիսային Կովկասի գաղթականությունից, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, Անդրկովկասի հայաբնակ տարբեր վայրերից, Կարսի նահանգից:

Զգալի աշխատանք է կատարում նաև Շուշի քաղաքում Քննիչ հանձնաժողովի հիմնած համանման մարմինը:

Քննիչ հանձնաժողովը դիմում է զանազան կազմակերպությունների, անհատ անձանց` իր աշխատանքներին աջակցելու խնդրանքով, շրջաններ է ուղարկում ներկայացուցիչներ` տեղում նյութեր հավաքելու նպատակով, միաժամանակ կողոպտված և անօթևան հազարավոր հայերից դիմումներ է ստանում կրած կորուստների մասին: Դիմողների մեջ էին ոչ միայն ամբողջական տարածքների բնակիչներ, այլև անհատներ` նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը, անվանի հայագետ Երվանդ Տեր-Մինասյանը և ուրիշներ…¦: (էջ 11):

Հանձնաժողովի ծավալած եռանդուն գործունեության մասին կարելի է պատկերացում կազմել Հ. Թումանյանի գրառումներից, ըստ որոնց պարզվում է, որ 1919 թ. հունվարից հետո Փարիզում հայկական պատվիրակության անդամ Միքայել Բաբաջանյանին են հանձնվել .§

  • Հանձնաժողովի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամ պ. Լեոյի կազմած և հանձնաժողովի ծախքերով հրատարակված «Սահմանավեճ» գիրքը (63 օրինակ):
  • Վեց հատոր` ռուս քննիչների (նախկին շրջանային դատարանի դատախազի օգնականների) ձեռքով վավերագրված պատճեններ նույն քննիչների ձեռքով հավաքված վկայությունների (ցուցմունքների) և վկայաթղթերի` այն բռնությունների մասին, որոնց ենթարկվել են ռուսահայերը և տաճկահայերը տաճիկ ասկերների և քուրդ ու թուրք հրոսակախմբերի ու խուժանի կողմից:
  • Մի մասը (314 էջ) այն զեկուցումից, որ պատրաստել է հանձնաժողովի զինվորական մասի վարիչ գեներալ Կուլեբյակինը հայերի մասնակցության մասին Համաշխարհային պատերազմում:

 

Ըստ Թումանյանի հուշերի. «Ի լրումն այդ նյութերի` նորերս հանձնաժողովը հանձնեց արտաքին գործերի մինիստր պ. Տիգրանյանին` նախարարապետ պ. Քաջազնունու հետ Փարիզ ուղարկելու համար քննական նյութերի չորրորդ հատորի հավելվածը և իր լիազոր Միհրդատ Խանզատյանի զեկուցումը Ղարաքիլիսայի և Լոռվա շրջանների կրած վնասների մասին»:[14] Թումանյանի այս գրառումն ուշագրավ է նաև այն իմաստով, որ դրանից երևում է, թե ինչպիսի բազմազան աղբյուրներից է օգտվել հանձնաժողովը և թե ուրքան սերտորեն է համագործակցել այն Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ:

 

Քննիչ հանձնաժողովի կողմից ստացվող նյութերի աղբյուրների մասին առավել հստակ պատկերացում կարելի է կազմել ընթերցելով հանձնաժողովի 1919 թվականի հունվարի 16-ի դիմումն ուղղված հանրությանը: Դիմումի տեքստը բերում ենք ամբողջությամբ: «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած տառապանքները ցուցակագրող Քննիչ հանձնաժողովը դիմում է այն բոլոր անձնավորություններին, որոնք նյութեր ունեն հավաքած տաճիկների գազանությունների, մեր ժողովրդի կրած աղետների և նյութական վնասների մասին Տաճկաստանում, թե Կովկասում, դնել այդ նյութերը Հանձնաժողավի տրամադրության տակ: Հանձնաժողովը սիրով և շնորհակալությամբ կընդունի այդ նյութերը` լինեն դոքա մշակված աշխատություններ, հիշատակարաններ, ականատեսների վկայություններ, վիճակագրական տեղեկություններ, և լուսանկարներ: Մշակված տեղեկությունների և նյութերի համար Հանձնաժողովը վճարում է»:

 

Գ-      1919թ. փետրվարին Փարիզի կոնֆերանսի բացմանը մեծ տերություններին Հայկական պատվիրակության ներկայացրած հայ ժողովրդի կրած նյութական վնասների հուշագրի ստեղծման պայմանները

 

Անհրաժեշտ է նշել, որ ինչպես երևում է առկա փաստաթղթերից, Քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո հուշագրի մշակման հանձնաժողովը չի լուծարվում, այլ գործում է դրան զուգահեռ և սերտ համագործակցաբար։ Մասնավորապես, դեկտեմբերի 12-ին հուշագրի մշակման հանձնաժողովի կազմած և դաշնակից տերություններին ուղղված դիմումը ընթերցվում է Հայրենակցական միությունների միության կենտրոնական խորհրդի նիստում և որոշվում` առայժմ տպագրել 15 օրինակ և ներկայացնել Թիֆլիսում մեծ տերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև թարգմանելով ֆրանսերենի` տարածել:[15]

Այսպես, այդ փաստաթղթից էլ հետագային կծնվեր 1919թ. փետրվարին Փարիզի կոնֆերանսի բացմանը մեծ տերություններին Հայկական պատվիրակության ներկայացրած հուշագիրը։

 

Հուշագրի հանձնաժողովի անդամներից մեկը` տնտեսագետ Հարություն Փիրալյանը որպես խորհրդական ընդգրկվել էր Փարիզի կոնֆերանսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում` Ավետիս Ահարոնյանի հետ մեկնելով Փարիզ։

Փարիզում անհրաժեշություն է զգացվում հուշագրի տեքստը համաձայնեցնել Արևմտահայոց ազգային պատվիրակութան հետ։ Այդ նպատակով ստեղծվում է նոր հանձնաժողով Գաբրիել Նորատունկյանի գլխավորությամբ, որը և ստանձնում է հուշագրի վերջնական տեքստի մշակման գործը։

1919թ. ապրիլի 22–ին ներկայացնելով Ավետիս Ահարոնյանին «Tableau approximatif des réparations et indemnités pour les dommages subis par la nation arménienne en Arménie de Turquie et dans la République Arménienne du Caucase» բրոշյուրի տպագիր օրինակը, որտեղ ամփոփված էին վերոնշյալ թվերը, Հարություն Փիրալյանը պարզաբանում է այն մեթոդը, որը օգտագործվել է հայ ժողովրդի կորուստները և փոխհատուցման չափը որոշելու հաշվումների հիմքում. «Այլ փաստական տվյալների բացակայության պայմաններում բնակչության կրած վնասների հաշվումների հիմքում դրվել է բյուջետային համակարգը։ Որպես չափման միավոր վերցվել է ոչ թե անհատը, այլ տնտեսությունը։ Տնտեսությունների թիվը որոշվել է յուրաքանչյուր շրջանում բնակչության թիվը հինգի բաժանելու միջոցով, այն ենթադրությամբ, որ յուրաքանչյուր տուն բաղկացած է միջինը հինգ շնչից»։[16]

Ա. Ահարոնյանը Հարություն Փիրալյանի նամակի վրա կատարում է հետևյալ ուշագրավ հավելումը. «Ներկայացնելով այս զեկույցը Հանրապետության հարգելի կառավարության ուշադրությանը, պարտք եմ համարում հայտնել, որ հակառակ մեր տեսակետի, թիֆլիսահայոց վնասները և պահանջները սահմանող հանձնաժողովի անդամները, սխալ ըմբռնումով առաջնորդվելով, չափազանց պահանջներ են դրել ինչ որ տեղի է ունեցել որոշ շրջաններում։ Կովկասահայության պահանջը, ինչպես տեսնում եք, չափավոր է և համապատասխան Խ. Վերմիշյանի հանձնաժողովի եզրակացության»։[17] Այս գրությունը վկայում է, որ ՀՀ պատվիրակությունն իր տրամադրության տակ ունեցել է Քննիչ հանձնաժողովի նյութերը և օգտվել է դրանցից հուշագիրը կազմելիս։

Իր հերթին, Ավետիս Ահարոնյանին հեռակա կարգով հակադարձել է Հովհաննես Թումանյանը, որը նշել է. «Հայ պատվիրակությունը ենթադրական թվեր է ներկայացրել հաշտության կոնֆերենցիային ռուսահայության կրած վնասների նկատմամբ, մինչդեռ քննիչ հանձնաժողովն ունի միանգամայն գիտական մեթոդով հավաքված թվեր ռուսահայ գյուղացիության կրած վնասների մասին և կունենար նույնպիսի թվեր նաև ժողովրդի մյուս խավերի նկատմամբ, եթե ստացած լիներ իր պահանջած վարկը: Վերոհիշյալ թվերը փետրվարին մենք հանձնել ենք պատվիրակության անդամ պ. Պապաջանյանին` Փարիզ հասցնելու համար»:[18]

 

Դ-      Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի հետագա գործողությունների մասին

Քննիչ հանձնաժողովը Փարիզում Հայկական պատվիրակության կողմից հուշագիր ներկայացնելուց հետո էլ, դեռ որոշ ժամանակ  շարունակել է աշխատել` չնայած այն հանգամանքին, որ այն իր դերն արդեն կատարել էր։ Ահա, օրինակ, 1919 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած Հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի գործադիր մարմնի և Քննիչ բյուրոյի երկրորդ միացյալ ժողովի ժամանակ այդ մասին կառույցի պատմական բաժնի վարիչ Լեոյի արտահայտված կարծիքը.§Ես խորապես համոզված եմ, որ հիշատակագրի անհրաժեշտություն այլևս չկա: Հիշատակագիրն արդեն ներկայացրել են Փարիզի Վեհաժողովին Պողոս Նուբարն ու Ահարոնյանը, և նրա տպագրված օրինակներն արդեն ստացել են Թիֆլիսում: Ասել, թե պետությունները ուրիշ հիշատակագիր էլ պատրաստ կլինեն ընդունելու մեզանից` կլինի միամտություն: [] Բայց այս չէ նշանակում, թե զուր  կորել է բյուրոյի աշխատանքը: Նա չափազանց շատ բան է արել մի մեծ ազգային անհրաժեշտություն լրացնելու համար: [] Պետք է վերակազմել բյուրոն, դնել աշխատանքը նոր հիմքերի վրա և օգտագործել այն, ինչ մինչև այսօր ձեռք է բերված մեծ զոհողություններով ու ջանքերով¦:[19]

Նույն ժողովում ռազմա-պատմական բաժնի վարիչ գեներալ-մայոր Կուլեբյակինը նշել է.§Շատ ցավալի կլիներ մի կողմ նետել այս աշխատանքը նրա ամենաեռուն պահին, առավել ևս, որ մոտ ապագայում այն շարունակելու այլ պատեհություն կարող է և չներկայանալ, իսկ մեծ էպոպեայի առայժմ կենդանի վկաների բազմությունը, հավասարապես նաև բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր հավիտյանս կկորսվեն պատմության համար¦:[20]

Տնտեսական բաժնի վարիչ Ա. Աթանասյան. §Տնտեսական բաժինը, որ նպատակ ունի որոշելու հայ ժողովրդի այս պատերազմից կրած նյութական վնասները, իր աշխատանքն սկսել է դեկտեմբերի 7-ից: Այդ աշխատանքները տարել է բաժինը երկու ուղղությամբ. ա/ վնասների շրջան ուղարկվող հատուկ լիազորների միջոցով և բ/ այստեղ Թիֆլիսում Հայրենակցական միությունների տված տեղեկություններով: [] Բաժնիս աշխատանքները դեռևս ավարտված չեն. մեզ մնում է. ա) մինչև ապրիլի 1-ը շարունակել ժողովել ուշացած վնասների ընդունելը, բ) կարգավորել ցուցակները ըստ քաղաքներիև շրջանների, գ) կազմել բոլոր մեզ ներկայացված անհատական ցուցակների գումարը ըստ այբբենի և դ) գումարել այդ վնասները ի մի անցնելով այն¦:[21]

Ապրիլի 14-ի նիստում արդեն Թումանյանը մասնավորապես նշում է, որ ՀՀ կառավարությունն իր խոստումը ֆինանսական առումով չի կատարել, «բյուրոյի սկսած չափազանց կարևոր գործը մնում է կիսատ, որի պատասխանատվությունը ընկնում է անպայման Հայոց կառավարության վերա»: Նիստում որոշվում է բյուրոյի գործունեությունը «կանգնեցնել»: Ճիշտ է, Քննիչ հանձնաժողովը ժամանակավորապես» դադարեցնում է իր գործունեությունը, սակայն որոշ գործառույթներ շարունակում է կատարել մինչև 1919 թ. վերջը:[22]

Առաջին աշխարհամարտում հայության կրած նյութական կորուստների վերաբերյալ Քննիչ հանձնաժողովի հավաքած տվյալները ոչ միայն օգտագործվեցին Փարիզի հաշտության վեհաժողովի ժամանակ, այլև դրանք պետք եղան հետագայում: 1922 թ. Ջենովայի կոնֆերանսում, Խորհրդային Միությունը` ի դեմս Ռուսաստանի պատվիրակության, որի կազմում էր և Խորհրդային Հայաստանի արտաքին գործոց  ժողկոմ Ա. Բեգզադյանը, հարց բարձրացրեց ու պահանջներ ներկայացրեց նաև ինտերվենտներից կրած վնասների փոխհատուցման մասին: Անարդյունք ավարտված այս կոնֆերանսից որոշ ժամանակ անց հարցն արծարծվում է մեծ տերությունների դիվանագիտական շրջանակներում: Շրջանառության մեջ է դրվում նաև Թուրքիայի կողմից Հայաստանին հասցված նյութական կորուստների հարցը: հայտնի է, որ 1924 թ. մարտի 15-ից ապրիլի 23-ը Հայաստանի կառավարական հանձնաժողովը ՍՍՀՄ արտաքին գործերի ժողկոմիսարիատի պահանջով պատրաստում է §Զեկույց 1914-ից 1924 թթ. ընթացքում հայ բնակչությանը թուրքական կառավարության հասցրած նյութական վնասների մասին¦ վերնագրով` նշումով, որ օգտագործվել են նաև Քննիչ հանձնաժողովի նյութերը¦:.-վկայակոչելով պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանի մի ուսումնասիրությունը, նշում է Ա. Զաքարյանը:[23]

Այսպիսով հայ մտավորականության ընտրախավի և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցության արդյունքում, և ամենածանր քաղաքական ու նյութական պայմաններում, հավաքված ու մշակված նյութերն, առնվազն երկու անգամ դրվել են միջազգային դիվանագիտական սեղանների վրա, պահանջելով հատուցումներ կրած կորուստների համար: Եվ չնայած հայ ժողովուրդը նյութական փոխհատուցումներ չստացավ Առաջին աշխարհամարտի տարիներին կրած կորուստների դիմաց, այնուհանդերձ Քննիչ հանձնաժողովի հավաքած նյութերի արժեք դրանից չի նվազում:

 

Ե-      Եզրակացություն

Այսպիսով հայ մտավորականության ընտրախավի և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցության արդյունքում, և ամենածանր քաղաքական ու նյութական պայմաններում, հավաքված ու մշակված նյութերն, առնվազն երկու անգամ դրվել են միջազգային դիվանագիտական սեղանների վրա, պահանջելով հատուցումներ կրած կորուստների համար: Եվ չնայած հայ ժողովուրդը նյութական փոխհատուցումներ չստացավ Առաջին աշխարհամարտի տարիներին կրած կորուստների դիմաց, այնուհանդերձ Քննիչ հանձնաժողովի հավաքած նյութերի արժեք դրանից չի նվազում:

Քննիչ հանձնաժողովը գործել է հայրենակցական միությունների համագումարի ներկայացուցչականության սկզբունքով եւ ստացել է Հայաստանի առաջին Հանրապետության կողմից պետական կարքավիճակ:

Քննիչ հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերն ու հաշվեկշիռները հիմք են ծառայել Փարիզի հայկական պատվիրակության կողմից, այդ պատվիրակության մաս են կազմել նաեւ քննիչ հանձնաժողովի որոշ անդամներ:

Արդ վերոնշյալ պատմական անքննարկելի փաստերի հիման վրա կարելի է հաստատել որ

  • Փաստաթուղթը ունի պետական կարգավիճակ
  • Այն կազմված է գիտական հնարավորինս ճշգրիտ մոտեցումներով, ներկայացնում է ճշտված եւ վերանայված նվազագույն հաշվարկների արդյունքում ստացած ահավոր վնասների պատկերը
  • Առկա է պատմագիտական լայնածավալ արխիվ նրա ստեղծման, կազմման եւ հաղթական պետությունների կոնֆերանսին ներկայացման մասին։

 


[1] Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ, տնտեսագետ, իրավաբան, գրող (1877- 1943):

[2] Մանկավարժ, վախճանվել է ն.թ. նոյեմբերին։

[3] Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին, Երևան, 2005, փաստաթուղթ N5

[4] Ներսիսյան դպրոցի տեսուչ, Ազգային բյուրոյի նախագահի տեղակալ։

[5] (1850 - 1926), հայ իրավաբան, սոցիոլոգիական ուղղության ներկայացուցիչ, իրավագիտության պրոֆեսոր (1884), ԵՊՀ-ի առաջին ռեկտոր (1919-1920)։

[6] Նույնը, փ. 7։

[7] Նույնը, փ  N10։

[8] Նույնը, փ. N9։

[9] Նույնը, փ. N 12։

[10] Նույնը, փ. N 12։

[11] Նույնը, փ. N 24։

[12] Նույնը, էջ 14։ (Տվյալ օրենքի լրիվ անվանումն է §Օրենք` Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովին իր սկսած գործը վերջացնելու համար 210.000 ռ. հատկացնելու մասին):

[13] 1919թ. սկզբներին ստանձնել է ՀՀ պարենավորման մինիստրի պաշտոնը

[14] Տե՛ս` Հովհաննես Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու. հ. 10, Երևան 1999, էջ 324։

[15] Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին, փ. N 22:

[16] Նույնը, Հավելված, փ. N 5:

[17] Նույնը, էջ 236։

[18] Տե՛ս Հովհաննես Թումանյան, նշվ ածխ, էջ 323։

[19] Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին, փ. N95։

[20] Նույնը, փ. N96։

[21] Նույնը, փ. N98։

[22] Մարդյան Գ. Ա., Հովհաննես Թումանյանի ազգանվեր գործունեությունից (http://lraber.asj-oa.am/498/1/20_Mardyan_%2B4.pdf)

[23] Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին, էջ 17։:

 

Admin

Share this content.