Սևակ Արծրունի՝ Փոքր Ասիայի Ժողովուրդների Մասին

PrintPrintEmailEmail

Արևմտահայոց Ազգային համագումարի քարտուղար Սևակ Արծրունին Բեռլինում հունվարի 28-29-ը տեղի ունեցած Փոքր Ասիայի ժողովուրդների կոնֆերանսը համարում է աննախադեպ, որը, ըստ նրա, վերջին մի քանի հարյուրամյակում առաջին նախադեպն էր և լի էր խոշոր ներուժով: Կոնֆերանսին մասնակցում էին 4 երկրների խորհրդարանների 4 անդամներ, 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և 15 քաղաքացիական կազմակերպություններ, որոնք քննարկեցին ընդհանուր հարցեր, ստեղծեցին նախաձեռնություն և դաշտ բացեցին՝  նոր եւ հետագա քննարկումների համար:

Նշված կոնֆերանսում Սևակ Արծրունին հանդես է եկել առաջարկով: «Արևելք»-ի հետ հարցազրույցում նա ներկայացնում է քննարկումների արդյունքները և իր առաջարկի նպատակը: 

-Պարոն Արծրունի, 2017թ. հունվարի 28-29-ը Բեռլինում տեղի ունեցավ Փոքր Ասիայի ժողովուրդների  Միացյալ իրավունքներ խորագրով Կոնֆերանսը: Կարո՞ղ եք մի քանի բառով հակիրճ բնութագրել այդ կոնֆերանսը, որին նաև մամուլը արձագանքեց:  Ի՞նչ էր այն իր բնույթով:

-Այն միաժամանակ և՛ գիտաժողով էր և՛ խորհրդաժողով: Այսինքն մենք կարող ենք հաստատ ասել, որ հավաքվածները կարողացան միաժամանակ առաջընթաց արձանագրել և բյուրեղություն մտցնել ցեղասպանագիտության և Փոքր Ասիայի ժողովուրդների պահանջատիրության տեսական սկզբունքների մեջ: Շուտով կհրապարակվեն ելույթները և կտեսնեք թե ինչպիսի լուրջ և բացահայտումներով լեցուն ելույթներ եղան այնտեղ: Սակայն այն գիտաժողովի շրջանակներից անցավ համագումարի, և հունվարի 29-ին ներկաները կարողացան, որպես Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցչական մարմիններ, կամուրջներ ստեղծել հետագա երկխոսության և համագործակցության համար:

Կարող եմ ասել որ Փոքր Ասիայի ժողովուրդների միջև ստեղծվեց գործելու ազատ բեմ, որտեղ գործնականորեն շատ բան կարելի է հիմա՛ կյանքի կոչել: Սա վերջին մի քանի հարյուրամյակում առաջին նախադեպն էր և լի էր խոշոր ներուժով: Ձեւավորվեցին լուրջ հեռանկարներ այս ժողովուրդների քաղաքական հետագա գոյության համար:

-Ինչո՞ւ այն կազմակերպվեց Հրանտ Դինքի սպանության տասնամյակին:

-Հրանտ Դինքին այսօր երկրպագում են բոլորը, նույնիսկ քուրդ, թուրք և հայ ազգայնականները: Սակայն բոլորը չէ, որ պարկեշտ են այստեղ: Որովհետև Հրանտ Դինքը գործում և արտահայտվում էր ազգերի ազատության և Թուրքիայի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Նա ասում էր մոտավորապես հետևյալը. մեր բոլոր ժողովուրդների քաղաքական հարցերի լուծումը գտնվում է ժողովրդավար Թուրքիայի մեջ և եթե Թուրքիայում բազմակարծություն ձևավորվի, եթե Թուրքիան դառնա ժողովրդավար, ապա Թուրքիայի սահմաններում, իրենց հայրենի տարածքներում նորից կվերահաստատվեն հայերն ու հույները, քրդերը կապրեն ազատ, և Թուրքիայի բոլոր փոքրամասնությունները իրավունք կստանան ազատության մեջ վերականգնել իրենց էթնիկ, կրոնական, լեզվական ինքնահատկությունները: Նա հավատում էր Թուրքիայի Եվրոպական ապագային:

Ահա թե ինչու 28-29-ի Կոնֆերանսը հիմնադրեց աշխատանքային խորհուրդ, որը կրում է Հրանդի սպանության օրվան անունը.  «19 Հունվար Նախաձեռնություն»:

-Ինչո՞ւ է Արևմտահայոց Ազգային Համագումարը նախաձեռնել այս միջոցառումը:

-Հայկական ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Փարիզում՝ Արևմտահայոց 4-րդ Համագումարը  հայտարարեց, որ հայերի  կրած վնասը հայրենիքի կորուստն էր, որ հայերը ոչ միայն զրկվել են իրենց հայրենիքից, այլ նաև բնաջնջվել է նրանց հայրենի միջավայրը: Փարիզում միաժամանակ նաեւ հայտարարվեց, որ Փոքր Ասիան, հազարավոր տարիներ համարվել է հայերի բնակավայրը, սակայն ոչ միայն հայերի, այլեւ տասնյակ էթնիկ եւ կրոնական խմբերի հայրենիքը:

Փարիզի չորրորդ Համագումարի որոշումների ուղիով, կազմակերպությունը 2016 թվականի ապրիլին կազմեց Փոքր Ասիայի ժողովուրդների համագործակցության հատուկ հանձնաժողով եւ ինձ նշանակեց այդ խորհուրդի համակարգող:

Այդ Խորհուրդի առաջին գործը եղաւ այս՝ 28-29-ի խորհրդաժողովը, երկրորդը՝ «19 Հունվար»  Նախաձեռնության ստեղծումը:

-Դուք Բեռլինից ԶԼՄներով հայտարարեցիք որ այս նախաձեռնությունը մեկ տարվա ընթցացքում հիմնադրելու է Փոքր Ասիայի Ժողովուրդների Լիգա: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին, ի՞նչ է լինելու դա:

-Այո, նման առաջարկով ես հանդես եմ եկել այնտեղ, հունվարի 29-ին: Առաջարկը ողջունվել է եւ շարունակում է ողջունվել բոլորի կողմից: Հիմա պետք է աշխատել եւ այդ մեծ նախագիծը իրականություն դարձնել;

-Կստացվի՞:

-Անշուշտ կստացվի: Հարկավոր է ունենալ տեսլական եւ կամք եւ լինել հետեւողական: Բայց ամենակարեւորը՝ անհրաժեշտ է լինել պարկեշտ սեփական համոզմունքների նկատմամբ:

Admin

Share this content.