19 հունվար 2013թ. Անկարա
Իմ ելույթի սկզբում թույլ տվեք ողջունել Հրանդ Տինքին նվիրված ֆորումի բոլոր մասնակիցներին և հյուրերին։
Թուրքահայ մտավորական Հրանդ Տինքն իր բազմակողմանի նկարագրով ցնցեց մեր երկու հասարակությունները, բայց նա առաջին հերթին եղավ թուրք քաղաքացիական հասարակության նախակարապետը:
Թուրք երիտասարդ մտավորականներից մեկը Ստամբուլում մեզ ասում էր, որ Թուրքիայի արդի պատմության մեջ կա «Հրանդից առաջ» և «Հրանդից հետո»: Այսինքն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ մտավորականը ներկա Թուրքիայի ժողովրդավարական շարժման ռահվիրան է համարվում:
Հրանդ Տինքը ուներ երկու հայրենակից՝ առաջինը նրան սպանեց, երկրորդը ողբաց, սգաց նրա մահը: Առաջինը խորհրդանշում է Թուրքիայի հետադիմական, այլատյաց, ազգայնամոլական տարրը, երկրորդը՝ Թուրքիայի առաջադիմական, հանդուրժողական, ազատատենչ, արդարամիտ հանրությունը:
Այս բեմից իմ խոսքն ուղղում եմ երկրորդ տեսակին: Իմ խոսքն ուղղում եմ Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր 1915 թվականից ի վեր պատանդ են դարձել Հրանդին սպանողների ձեռքը։ Իմ խոսքն ուղղում եմ Թուրքիայի ժողովրդավար մտավորականներին եւ քաղաքացիական հասարակության գործիչներին:
Ներկայիս Թուրքիայում ընթացող քաղաքական և հասարակական բոլոր փոփոխությունների հիմքում ընկած է անցյալի վերաիմաստավորման և վերարժևորման խնդիրը:
Հրանդ Տինքի սպանությանը հաջորդած ժողովրդային ցասումից, թուրք մտավորականների՝ համացանցում կազմակերպված «ներողության» ստորագրահավաքից, մի քանի տասնյակ թուրք մտավորականների կողմից հաճախակի հրապարակվող արդարատենչ գրություններից հետո Թուրքիայում ապրող ժողովուրդների, քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը հնարավոր է դարձել: Այն հնարավոր է դարձել, քանի որ Թուրքիայի հասարակական գործիչների շրջանակում ի հայտ եկավ ներկայի եւ անցյալի նկատմամբ պատասխանատվության զգացում:
Այս ամենի արդյունքում եւ հակառակ բռնապետական անցյալից եկող իրավական և առարկայական ջղաձգություններին, ժամանակակից Թուրքիայում այսօր առկա է քաղաքացիական ազատություն ու արդարություն կերտող մտավորականության մի նոր, բայց արագ կայացող եւ ամրապնդվող շերտ:
Հրանդ Տինքը իր հարցազրույցներից մեկում նշում է, որ «Ակոսը» հիմնելիս իր և իր ընկերների հիմնական նպատակներից մեկը «Ակոս»-ը հայ և թուրք հասարակությունների համար մեծ հասարակության պատուհան, դուռ դարձնելն էր։ Ազգային զարթոնքի, ինքնագիտակցության, հասարակական հաշտության այս մթնոլորտում, Հրանդ Տինքի, իսկ նրա սպանությունից հետո` նրա ընկերների շնորհիվ, հետզհետե երկխոսություն սկսվեց Թուրքիայի հասարակության եւ իր ազգությամբ հայ անհատների միջեւ, իսկ այսօր նաև` Թուրքիայի հասարակության եւ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ժառանգների միջեւ:
Թուրքիայի քաղաքացիներին հետզհետե նորից հայտնի է դառնում, որ ժամանակակից Թուրքիայի արևելյան երկրամասը հայ ժողովրդի ծագման կենտրոնն է, որտեղ կազմավորվել է հայ էթնոսը: Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը սկսեց լսել հայերի մասին, ապա խոսել 1915-ի, մեծ սպանդի, համաղետի, Մեծ Եղեռնի, Հայոց ցեղասպանության մասին: Այնուհետեւ այդ նույն ազատատենչ մտավորականությունը քայլ առ քայլ սկսեց վերակառուցել, վերապատկերել Թուրքիայի եւ նրա բաղկացուցիչ բոլոր հանրությունների պատմությունը:
Այս ամենի արդյունքում շատ բան փոխվեց:
Այսօր Թուրքիայի հասարակությունը կարող է մեծ պատվով հայտարարել, որ իր սրտում տարվում է սուր պայքար ազատության, հանդուրժողականության եւ ժողովրդավարական բոլոր արժեքների համար: Այդ պայքարը տանում են Հրանդ Տինքին սպանողների դեմ, Հրանդի մահը ոգեկոչողները, սգացողները:
Ահա այդ պայքարն էլ մեզ՝ հայ մտավորականներիս, բերել է հավատալու, որ եկել է նաեւ արդարության պահը Օսմանյան հայերի ժառանգների համար: Ինչպես Հրանդը, Սեւակ Պալիքջին, այդպես էլ աշխարհում ապրող յուրաքանչյուր արեւմտահայ, յուրաքանչյուր Օսմանյան կայսրության քաղաքացու ժառանգորդ փորձել եւ առ այսօր փորձում է վերապրել 1915-ը եւ որպես դրա հետևանք` մինչ այսօր շարունակվող Թուրքիայի հայազրկման գործընթացը:
Բայց, մենք նաեւ հասկանում ենք արդեն, որ Հրանդի մահը առաջին հերթին Թուրքիայի քաղաքացիների ազատատենչության դեմ է ուղղված եղել: Մենք հասկանում ենք արդեն, որ Թուրքիայի հասարակությունն իր ամբողջության մեջ ոչ Հրանդի, ոչ էլ 1915-ից ի վեր շարունակվող մեծ ոճիրի հեղինակն է: Ընդհակառակը, Թուրքիայում ապրող յուրաքանչյուր ազատատենչ, հայրենասեր քաղաքացի զոհ է հանդիսանում այս ոճիրներին:
Հասկանալով սա, մենք նաեւ համոզվեցինք, որ ամեն ինչ դեռ մեր առջեւում է:
Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին, Աթաթուրքյան Հանրապետության ստեղծման ժամանակ, հայությունը, ստանալով «դավաճան ազգի» կարգավիճակ, դուրս մնաց Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը մասնակցող «միլլեթից»: Մեր ընդհանուր ապագայի առջև ծառացած պատմական մեծագույն անարդարությունը հենց այս փաստն է:
Երիտթուրքերի կողմից պատանդ վերցված Թուրքիայի պետությունն ու հանրությունը իր մեջ առ այսօր պարփակում է հայկական ներկայության զարգացման հնարավորությունները խոչընդոտող քաղաքականություն: Այդ քաղաքականության միջոցով տասնամյակներ ի վեր իրականացվում է հայության նյութական եւ ոչ նյութական ունեցվածքի կողոպուտը:
Իսկ ինչի՞ն հանգեցրեց այդ կողոպուտի համակարգված քաղաքականությունը։ Հայկական մշակույթի, քաղաքացիական կեցվածքի և նամանավանդ տնտեսության մեջ հայերի մասնակցության բնաջնջումը համաղետ դարձավ ոչ միայն արևելյան, այլ ամբողջ Թուրքիայի համար: Հայերի զանգվածային սպանդն ու տեղահանումը եղել և մնում է առ այսօր Անատոլիական և Անդրկովկասյան երկրամասերի անկայունության, ոչ–ժողովրդավարական համակարգերի ստեղծման և թերզարգացվածության ամենաառաջին պատճառը։ Թուրքիայի նախկին հայաբնակ արևելյան տարածաշրջանում արմատացած տարբեր շրջանակների ազգայնամոլությունը, պետական կառույցների տնտեսական անգործունակությունն ու բնակչության համընդհանուր աղքատությունը, հասարակությունների երկփեղկվածությունը, մարդու իրավունքների սիստեմատիկ ոտնահարումը, հետադիմական ավանդությունների պահպանումը ամբողջ քսաներորդ դարի ընթացքում և առ այսօր պահում են երկրամասը թերզարգացած և անկայուն վիճակում: Արևելյան Թուրքիայում տիրող անմխիթար իրավիճակը Թուրքիայի եւ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի ցավերի ակունքն է:
Այսօր, երբ Թուրքիայում առկա է «թրքության» գաղափարը Թուրքիայի քաղաքացիության նորմով փոխարինելու ձգտում, Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության և ինքնության գոյության փաստի հետ հաշվի են նստում այդ տարածքներում ապրող ազգությունները, ինչպես նաև Թուրքիայում ապրող և ստեղծագործող մտավորականների մի զգալի մասը:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները, որոնք ընկած են բոլոր հանրապետությունների կառուցման հիմքում, այդ թվում նաև՝ Թուրքիայի Հանրապետության, սահմանում են էթնիկ ինքնորոշման, խղճի ազատության, մշակութային ինքնուրույնության, հայրենիքի ազատ իրավունքի և գույքի իրավունքի բացարձակ գերակայությունը: Հայաստանում, Թուրքիայում և սփյուռքում ապրող հայերը արևելյան Թուրքիայում լքված իրենց ինքնության արմատները առ այսօր էլ պահում են սեփական գիտակցության մեջ՝ մեր սերնդի և մեր հաջորդ սերունդների համար անքննարկելի փաստ համարելով այդ տարածքին պատկանելության հայ անհատի բնական իրավունքը:
Եվ ու՞մ հայտնի չեն թուրքական քաղաքակրթական ժառանգության մեջ հայության կողմից պարզապես անգնահատելի ներդրումները:
Օսմանյան և այնուհետև Թուրքական պետականաշինության, քաղաքական և հասարակական մշակույթի ձևավորման, բանակաշինության և պետության կառուցման, ճարտարապետության և քաղաքաշինության, մշակույթի և տնտեսության անխտիր բոլոր ոլորտների, ինչպես նաև թուրք-արևմտյան մերձեցման գործընթացների, ազատ հասարակության ձևավորման, գավառական և մայրաքաղաքային կենտրոններում հայ անհատների ծառայությունները Թուրքիայում հայկական ինքնության գլխավոր բաղադրիչն են:
Ավելի քան երեքհազարամյա ազգագրական ոչ նյութական ժառանգությունը՝ բոլոր այն երգերը, պարերը, երաժշտական ավանդությունները, առասպելները, հեքիաթները, տոները, ծեսերը, արհեստներն ու առօրյա կյանքի բոլոր դրսևորումները, որոնք առ այսօր առկա են Թուրքիայում, ընդ որում նաև որպես էթնիկ այլ խմբերի հետ ընդհանուր ժառանգություն, նույնպես հայկական ինքնության բաղադրիչներից են Թուրքիայում:
Երկուհազարամյա Հայ առաքելական եկեղեցու և հայկական մյուս կրոնական համայնքների ամբողջ քաղաքակրթական ժառանգությունը՝ պաշտամունքի վայրերով, դպրոցներով, վարչական շենքերով, ինչպես նաև գրականությամբ, մշակութային ստեղծագործական նյութական տարրերով, կրոնադավանական աշխարհընկալումներով, նույնպես հայկական ինքնության բաղադրիչներն են Թուրքիայում:
Սկսած Վանի Ուրարտական թագավորությունից մինչև Կիլիկիայի թագավորություն, մոտ երկու հազար տարիների ընթացքում հայկական պետությունների թողած նյութական արժեքները՝ բերդերը, քաղաքները, ենթակառույցները, հնավայրերը, արձանագրությունները, հայոց պատմությունը ներկայացնող ամբողջ նյութական ժառանգությունը նույնպես հայկական ինքնության բաղադրիչներ են Թուրքիայում:
Վերջապես հայկական ժողովրդագրական ներկա տարրը նույնպես, կարևոր չէ, թե ինչ թիվ կկազմի, որտեղ կբնակվի և ինչ կրոն կդավանի, նույնպես հայկական ինքնության բաղադրիչն է արդի Թուրքիայի Հանրապետության մեջ:
Այս անծայրածիր, ահռելի ժառանգությունը պետք է բացահայտել, պահպանել, վերարժևորել, վերագնահատել և վերականգնել:
Արևելյան Թուրքիայում տարածված հայ ժողովրդի հազարամյա պատմությանը պետք է վերադարձնել իր ուրույն դիրքը թուրքական ներկայի, պատմագիտության և զբոսաշրջության մեջ: Հայության և ամբողջ մարդկության առաջ պետք է բացել Թուրքիայում հայկական բազմահազարամյա մշակույթի փակ դռները, մշակույթ, որը ժամանակակից մարդուն կապում է նոր քարի դարի հասարակության մշակույթի հետ:
Թուրքիայի ամբողջ տարածքում, հնավայրերում, թանգարաններում, գիտական ամբիոններում պետք է արգելազերծել հայության անցած ու ներկա կյանքին առնչվող երևույթները, բացել հայկական ազգագրական, մշակութային, տնտեսական անցյալին ու ներկային վերաբերող բոլոր արխիվները:
Վերջապես, բազմաշերտ Թուրքիայում, որտեղ ժամանակի հրամայական է դարձել անխտիր բոլոր ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողության և ինտեգրման խնդիրը, որտեղ պետության ազատականացման գործընթացում աննախադեպ ուշադրությամբ վերարժևորվում է կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դերը, քայլ առ քայլ վերականգնվում է բազմամշակութային պետության պատկերը, պետք է փայփայել և կյանք տալ Թուրքիայում թերևս առկա հայկական արմատներին: Անատոլիայում և ամբողջ թուրքական երկրամասում պետք է անվտանգության կատարյալ պայմաններում ազատականացնել հայության ներկայությունը հասարակության կյանքի բոլոր շերտերում: Այս ամենում նաև, նոր լույսի ներքո պետք է դնել աշխարհասփյուռ արևմտահայության կապի վերականգնումը Թուրքիայում մնացած կորուսյալ հայրենիքի հետ: Մենք, որ ավելի քան յոթ դար շարունակ օսմանյան կայսրության քաղաքացիներ ենք եղել, մենք, որ այսօր էլ, Թուրքիայի պետական պետական սահմաններում գտնվող մեր հայրենիքի՝ Արեւմտահայաստանի եւ Անատոլիայի զավակներն ենք մեզ համարում, ահա, հենց այս գիտակցությամբ, և այս մոտեցումով, ձեռք ենք մեկնում ազատությունը պաշտող Թուրքիայի բոլոր այն մտավորականներին, քաղաքական ինչ ընտանիքներից էլ որ լինեն նրանք՝ ձախակողմյան, թե ազատական, քուրդ, թուրք, իշխանամետ թե ընդդիմադիր, լայիկ թե սյուննի, ովքեր իրենց քաղաքական կամ կրոնական փիլիսոփայության հարիր մոտեցումներով տեր են կանգնում Թուրքիայում հայկական կյանքի շարունակականության պահպանման եւ վերագնահատման գործընթացներին:
Թուրքիայում քսաներորդ դարի սկզբին ընդմիջված հայկական կյանքի վերականգնումը ոչ թե հայկական, այլ առաջին հերթին ներթուրքական խնդիր է: Ես տակավին համոզված եմ, որ դրանով է մեծապես պայմանավորված լինելու Թուրքիայի Հանրապետության ներկա և ապագա բարօրությունը:
Հայ եւ թուրք հասարակությունները ցնցող ատելության վրա կառուցված անհեռատես երազները սպառվել են, հիմա եկեք կառուցենք նոր՝ արդարության, հատուցման, հաշտության, մարդասիրության տեսլական, նոր երազ:
Մնում է մեկտեղվել, համատեղ ջանքերով ազատագրվել հին վախերից, զինվել հավատքով, աննկուն կամքով, տեսլականով ու հարատևողականությամբ: Եւ այդպես, միասին գնալ խաղաղության և հանդուրժողության ճանապարհով դեպի վախի ու ատելության կործանարար կաշկանդումներից ազատագրված հասարակություն, դեպի հասարակական եւ անհատական խաղաղություն:
Սեւակ Արծրունի