![Print Print](https://cnarmeniens.org/sites/all/modules/print/icons/print_icon.png)
![Email Email](https://cnarmeniens.org/sites/all/modules/print/print_mail/icons/mail_icon.png)
NATIONAL CONGRESS OF WESTERN ARMENIANS
ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
CONGRÈS NATIONAL DES ARMÉNIENS OCCIDENTAUX
НАЦИОНАЛЬНЫЙ КОНГРЕСС ЗАПАДНЫХ АРМЯН
International non-governmental organization
Միջազգային ոչ–կառավարական կազմակերպություն
Международная неправительственная организация
Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհրդի հայտարարությունը:
Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդը 2013 թվականի ապրիլի 26-ին Երևանում գումարած նիստի ընթացքում անցկացրած քաղաքական քննարկումների և ընդունած որոշումների հիման վրա հայտարարում է.
Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդը հաստատում է, որ Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) հետևանքների վերացման համար անհրաժեշտ է ոչ միայն գործված ահռելի ոճիրին տալ համապատասխան քաղաքական և իրավական գնահատական, այլև իրականացնել պատմական արդարություն` առաջին հերթին արևմտահայության ընդհատված հազարամյակների գոյությունը նրա պատմական հայրենիքում վերականգնելու միջոցով:
Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդը նկատում է, որ Թուրքիայի Հանրապետությունը վերջին տասնամյակում գնում է ժողովրդավարական արժեքների հաստատման և երկրի բնակչության մաս կազմող բոլոր ժողովուրդների միջև ազգային հաշտության կայացման ուղղությամբ: Այդ իմաստով, Արևմտահայերի Ազգային Համագումարը անշրջանցելի և անհրաժեշտ է համարում Հայկական հարցի լուծման հետ կապված համապատասխան միջոցառումները` ժողովրդավարացող և ազատականացող Թուրքիայի կառուցման և կայացման համար տարվող գործընթացներում:
Որպես Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների իրավունքների և շահերի համար պայքարող, Փարիզում գրանցված միջազգային ոչ–կառավարական կազմակերպության գործադիր մարմին, կոչ ենք ուղղում Թուրքիայի ժողովրդավարական ազատական արժեքներ կրող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ առաջադեմ մտավորականներին, հասարակական գործիչներին, կազմակերպություններին և Թուրքիայի բոլոր գիտակից ու պատասխանատու քաղաքացիներին՝ Արևմտահայոց Ազգային Համագումարի հետ միասին լծվել 1915 թվականից առ այսօր աշխարհասփյուռ և հայրենակորուստ դարձած արևմտահայոց բոլոր իրավունքների վերականգնման, կրած բարոյական, նյութական և տարածքային վնասների ճանաչման և հատուցման գործին:
Երևան, 26 ապրիլի, 2013 թ.
Արևմտահայոց Ազգային Համագումարի Ազգային Խորհուրդ