Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ-ՈՒՄ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
2011թ նոյեմբերի 20-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետությունում արևմտահայերի ժառանգների հայրենակցական հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչների Համագումարը: Համագումարին մասնակցում էին Արևմտյան Հայաստանը ներկայացնող 10 հայրենակցական կազմակերպությունների (Արծվաբույն Զեյթուն, Ալաշկերտ, Բուլանուղ, Էրզրում, Թվանչ, Կարին, Համշեն, Մուշ, Նորագավիթ, Վասպուրական) և արևմտահայերի ժառանգների անհատ ներկայացուցիչների 87 պատվիրակներ:
Համագումարն ընտրեց 30 պատգամավորներ 2011թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սևրում) կայանալիք Արևմտահայերի երրորդ համագումարին մասնակցելու համար, որը նախապատրաստել է 2007թ. Փարիզում, ֆրանսիայի օրենսդրությանն համապատասխան, որպես հասարակական կազմակերպություն գրանցված Միջազգային կազմկոմիտեն:
Համագումարը ընդունեց նաև որոոշում` հիմնադրել «ՀՀ-ում արևմտահայերի ժառանգների հայրենակցական միություն», որը նպատակ է հետապնդում ոչ միայն ապահովել ՀՀ-ում բնակվող արևմտահայերի ժառանգների ներկայացուցչությունը Արևմտահայերի Համագումարին, այլև ձևավորել պահանջատիրության համընդհանուր իրավական դաշտը:
Ինչպես հայտնի է, 1917 և 1919 թվականներին Երևանում կայացել են արևմտահայերի Առաջին և Երկրորդ համագումարները զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ, որոնց մասնակցել են Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկվածների ներկայացուցիչները:
1919-20թ.թ. ցեղասպանությունից փրկված հայերի ներկայացուցիչները շարունակեցին իրենց գործունեությունը Փարիզում, Պողոս Նուբարի գլխավորությամբ, որը Փարիզի Խաղաղության Վեհաժողովում հանդես էր գալիս որպես Հայոց Ազգային պատվիրակության ղեկավար:
Հենց Փարիզում էլ Հայոց Ազգային պատվիրակության և Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-20թ.թ.) ղեկավարության համատեղ գործունեության արդյունքում մշակվեցին և Խաղաղության Վեհաժողովին ներկայացվեցին “Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը”, որը հիմք հանդիսացավ 1920թ. օգոստոսի 10-ին Սևրի Դաշնագրի հայությանը և Հայաստանին վերաբերվող հոդվածների ընդունման համար: Ըստ այդ Դաշնագրի, Թուրքիան և հաղթող դաշնակից պետությունները ճանաչեցին Հայաստանի անկախությունը Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների սահմաններում: Իսկ ինչ վերաբերվում է ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայությանը, ապա նրանք օտար երկրներում կարողացան աստիճանաբար ոտքի կանգնել և, հարմարվելով օտար երկրների օրենքներին, կարողացան ոչ միայն պահպանել իրենց ազգային դիմագիծը, այլև, վերակազմակերպվելով, այդ երկրներում ձևավորեցին ուժեղ և գործուն համայնքներ, սակայն նրանց այդպես էլ մինչ այժմ չհաջողվեց ձևավորել միասնական կայացած կառույց, որը կարողանար ներկայացնել ցեղասպանությունից փրկված արևմտահայերի ժառանգների իրավունքները, շահերը և պահանջները:
Խորհրդային Միության փլուղումից և հայոց անկախ պետականության վերականգնումից հետո բացվեցին նոր հնարավորություններ հայկական հարցի ընդհատված գործընթացը վերականգնելու համար` այնպես, ինչպես 1918-20թ.թ. համագործակցեցին Հայոց Ազգային պատվիրակությունը և Հայաստանի 1-ին Հանրապետության ղեկավարությունը: Դրա համար ներկայումս պակասում է արևմտահայերի ժառանգների ներկայացուցիչների կողմից ձևավորված մարմինը և Փարիզում նախատեսվող Արևմտահայերի երրորդ Համագումարի նպատակը հենց այդ մարմնի` Արևմտահայերի Ազգային Խորհրդի ստեղծումն է:
Տևական և հետևողական աշխատանքների արդյունքում և համապատասխան միջազգային կարգավիճակի ձեռքբերումով Արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը հնարավորություն կստանա անմիջականորեն հետամուտ լինելու միջազգային կազմակերպություններում և այլ համապատասխան կառույցներում արևմտահայերի ժառանգների օրինական իրավունքներին, հայկական հարցին հետամուտ այլ շահագրգիռ ուժերի հետ համատեղ մասնակցելու թուրքական իշխանությունների և այլ կողմերի հետ բանակցություններին և երկխոսություններին` Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության փաստացի ճանաչման ու դատապարտման, հարուցած բարոյական, նյութական և տարածքային վնասի փոխհատուցման հասնելու նպատակով:
Արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը արևմտահայերի (Օսմանյան Կայսրությունում նախկինում բնակված հայկական ծագումով քաղաքացիների ժառանգների) անունից փաստորեն կներկայացնի 7 միլիոն արևմտահայությանը, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի հետ սերտ համագործակցության ճանապարհով մշակել և իրականացնել համահայկական այնպիսի մեծածավալ նշանակության ծրագրեր, որոնք կնպաստեն հզոր և ինքնուրույն հայկական գործոնի ձևավորմանը միջազգային կյանքում: Իսկ դա հնարավորություն կտա, որպեսզի հայ ազգը համաշխարհային քաղաքականության մեջ դառնա իր ճակատագրի տերը և այդպիսով ապահովի իր անվտանգ և հեռանկարային զարգացումը ձևավորող նոր աշխարհահամակարգ:
