ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՆ` ՈՆՑ ՈՐ ՄԱՏ ՈՒ ԵՂՈՒՆԳ

Views expressed are those of respective authors and not necessarily of the CNArmeniens.org
Les opinions exprimées sont celles des auteurs respectifs et pas nécessairement de CNArmeniens.org

PrintPrintEmailEmail
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
11 մարտի, 2017 | 16:36

Turkey -GermanyԳերմանիա-Թուրքիա լարվածությունը նոր բռնկում արձանագրեց: Նախորդ շաբաթ Ստամբուլում ձերբակալվեց գերմանական «Դի վելթ» պարբերականի թուրք լրագրող Դենիս Յուչելը, որ թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ապօրեն օգտագործման, ահաբեկչություն քարոզելու» մեջ: Կանցլեր Մերկելը պահանջել է ազատել լրագրողին: Լարվածության ֆոնին Գերմանիայում բազմիցս չեղարկվել են թուրք պաշտոնյաներիՙ սահմանադրական հանրաքվեին ի նպաստ քարոզչություն ծավալելու ցանկությունը: Նախ մերժվեց Թուրքիայի արդարադատության նախարարի ելույթը տեղի թուրքական համայնքի առջեւ, ապա էկոնոմիկայի, այնուհետՙ արտգործնախարարի հանդիպումները: Էրդողանիՙ ԳԴՀ հասցեին հնչեցրած կոշտ, վիրավորական արտահայտությունները հատեցին Գերմանիայի համար կարմիր գիծըՙ «Ես կարծում էի, թե նացիզմն ավարտվել է Գերմանիայում, պարզվում էՙ այն դեռ շարունակվում է»: ԳԴՀ քաղաքական վերնախավը կտրուկ եղավՙ որեւէ մեկն իրավունք չունի ժամանակակից Գերմանիան համեմատել նացիստական ռայխի հետ: «Մեր միջեւ կարող են խոր տարաձայնություններ լինել, սակայն երկխոսությանն ու բանակցություններին այլընտրանք չկա», ամփոփ կոչ արեց արտգործնախարար Գաբրիելը, որ շաբաթասկզբին ցանկություն հայտնեց քայլ առ քայլ վերադառնալ նորմալ հարաբերությունների հուն: Արտգործնախարար Չավուշօղլուն Համբուրգում մարտի 7- ին ելույթ ունեցավ, հաջորդ առավոտ Բեռլինում հանդիպեց գերմանացի իր պաշտոնակցին: Գաբրիելն էլ նրան հիշեցրեց ավելի վաղ կանցլեր Մերկելին Թուրքիայի վարչապետի տված խոստումըՙ գերմանացի հյուպատոսներին կարտոնվի տեսակցել Յուչելի հետ: Լրատվությանը չհետեւած ընթերցողի համարՙ կարճ ու ամփոփՙ այսքանը: Իսկ մանրամասների գույներն ու ծալքերն այնքան ծանոթ են թվում ինձՙ 20 տարի այս երկրում բնակվողիս, որ քաղաքագիտական կրթություն չունենալով էլ լավ կռահում եմ, որքան էլ մեզ խորթ է մինուս-պլյուսի այսպիսի ձգողականությունը:

Գերմանացի քաղաքական գործիչների մի մասը համոզված է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա լարվածության աճը նրան առիթ կտա մերձենալ Ռուսաստանին: Դա՞ ենք ուզում, հարցնում են գրեթե հռետորաբար:

Պատմությունը Գերմանիայի եւ Ռուսաստանի արքունիքների արյունը խառնել է իրար, իսկ պետություններին ու մանավանդ ժողովուրդներին միշտ բաժանել է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թվում է, թե թշնամանք բառը կուչ եկած սպասում էՙ Ռուսաստանի մասին ակնարկ լինի, գերմանացիների անխնա քննադատության զսպանակին յուղ տա:

Պարտվածի հոգեբանության մասին եթե մենք մոռանանք, իրենք մասնավոր զրույցներում իհարկե կուղղորդենՙ հիշողությունների սլաքը գրեթե զոհի կարգավիճակին մերձեցնելով, բայց այս երկրի ղեկավարները վաղուց են ընդունելՙ զոհն իրենք չեն, իսկ դահիճն անցյալի սեւագիրն է, դպրոցից սկսած գերմանացին իր պատմության մաքրագիր էջն է գրում:

Թուրքերի հանդեպ գերմանացիների թշնամանք չեմ նկատել, նույն լեզվով չեն խոսում, արտաքին ու մանավանդ ներքին տարբերություններն ակնհայտ են, բայցՙ անձրեւառատ այս երկրի ստամոքսը սիրում է աղալ նրանցՙ տարբեր ազգերից յուրացրած արեւառատ խոհանոցի բարիքները, իսկ դասական երաժշտության սիրահար ականջը երաժշտական բոլոր գործիքների ձայնն էլ ընդունում է, սազն ու զուռնան էլ, վիրավորանք, հայհոյանք էլ լինի ամբարում, չի հասցնում ուղեղ: Հարցրել եմՙ ինչպե՞ս: Կիրթ ձեւակերպում ենՙ արհամարհանքը լավագույն պատասխանն է: Սառը գլխով երկիր են կառավարում:

Թուրք քաղաքական գործիչների քարոզարշավային ելույթները չեղարկելու Գերմանիայի որոշմանն ի պատասխան Էրդողանը այն անվանեց նացիստական մեթոդՙ շատ լավ կռահելով, թե իր նետած գուրզը որքան էլ ետ շպրտվի, այնուամենայնիվ բումերանգ չէ: Գերմանացի պաշտոնյաներից ով այս շաբաթ խոսեց, նույն նախաբանն էր կրկնումՙ նացիստական հղումը նույնիսկ մեկնաբանության արժանի չէ: Ասում են ու նորից շրջանառումՙ սա հարված է գոտկատեղից ներքեւ…

Մարտի 9- ի առավոտյան նիստում Բունդեսթագը ԵՄ գագաթաժողովին ընդառաջ ճշտեց Գերմանիայի եւ ԵՄ- ի պահանջը Թուրքիայից: Նախ Բունդեսթագի նախագահ Լամմերտը հստակ քննադատություն հնչեցրեց Թուրքիայի հասցեին, հատկապես շեշտելով Էրդողանիՙ Գերմանիային հասցրած գերագույն վիրավորանքըՙ նացիոնալ սոցիալիզմի անցյալը ներկայի վարքագիծ նկատելը: Նա, ով նման բան է ասում, իրեն է որակազրկում, բանաձեւեց Լամմերտը:

Հաջորդ բանախոսըՙ կանցլեր Մերկելը ներկայացրեց կառավարության տեսակետըՙ հիշեցնելով մեկնակետըՙ Գերմանիայի շահերից չի բխում ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիային իրենցից հեռացնելը, իսկ փախստականների հարցում Թուրքիայի հետ կնքած համաձայնագիրը բխում է ինչպես Գերմանիայի, այնպես էլ ԵՄ շահերից, չմոռանալ նաեւ իսլամիստական ուժերի դեմ համատեղ պայքարելու խոստումը, հետեւաբարՙ թուրք քաղաքական գործիչներին արտոնել օրենքի շրջանակներում ազատ արտահայտվել Գերմանիայում, բայցՙ նույնը ակնկալել նաեւ Թուրքիայում: Մերկելը հիշատակեց թուրքական բանտում գտնվող լրագրող Յուչելինՙ խոստանալով, թե Գերմանիայի կառավարությունն ամեն ինչ անելու է սատարելու իր լրագրողին:

Ձախերի խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ Դիիթմար Բարթչի պահանջը, որ հնչում է շաբաթներ արդեն, նույնն էՙ Ինջիռլիքից ետ կանչել գերմանական զինուժը, Թուրքիային զրկել զենքից, ինչպես 1992- ին Հելմուտ Քոհլի որոշմամբ եղավ, իսկ փախստականների ճգնաժամն հո երկնքից չընկա՞վ, 10 տարի կանցլերի պաշտոնում եք, պատասխանատվություն եք կրում, դիմեց նա Մերկելին, իր կուսակիցների ծափերին ավելացնելով Կանաչների զույգ ձեռքերի ուժը:

Սոցիալ դեմոկրատների խմբակցության ղեկավար Թոմաս Օփփերմանն էլ իր կուսակից ընկերոջՙ արտգործնախարար Զիգմար Գաբրիելի նման կողմ արտահայտվեց էսկալացիայի թուլացմանը: «Իսկ էմոցիաների էսկալացիայից ամենաշատը կտուժեն այն թուրքերը, որ Գերմանիայում են ապրում», ասաց Օփփերմանըՙ չմոռանալով երեւի, որ իր երկրի ընտրողն էլ աշնանը քվեատուփի առջեւ է կանգնելու: Նա այս հեռատեսությամբ, բնական է, միակը չմնաց ելույթ ունեցողների շրջանում: Դաշինք 90/ Կանաչներ կուսակցության նախագահ Ջեմ Էօզդեմիրը հիշեցրեց, թե ոչ վաղ անցյալում, երբ իրենք էին սոցիալ դեմոկրատների հետ կոալիցիա կազմած ղեկավարում ԳԴՀ, Թուրքիան բարեփոխումների ուղին էր ընտրել:

Օրեր առաջ Եվրոմիության ընդլայնման հարցերի նախկին հանձնակատար, գերմանացի սոցիալ դեմոկրատ Գյունտեր Ֆերհոյգենն էլ իր ելույթում բացառիկ կտրուկ եղավՙ ԵՄ-ն էլ մեղավոր է: 1999- ին Թուրքիան պաշտոնապես ԵՄ լիիրավ անդամակցության թեկնածու էր: 60 տարի խոստացել, չենք կատարել, Թուրքիային առիթ տալով մաղձ կուտակել: 2005- ից ի վեր Թուրքիային ԵՄ արտոնյալ կարգավիճակ տրամադրելը նրան դուրս բերեց մեր վերահսկողությունից, դեմոկրատիայի ուղուց շեղվելն այդտեղ որոնեք: Էրդողանին կառավարելի դարձնելու լծակն ենք կորցրել, մեկնաբանեց Ֆերհոյգենը:

Բունդեսթագի երեկվա նիստում քրիստոնյա դեմոկրատական քրիստոնյա սոցիալիստական միության խմբակցության ղեկավար Ֆոլքեր Քաուդերն ամփոփեցՙ մենք միշտ նույն գիծն ենք որդեգրելՙ արտոնյալ կարգավիճակ եւ, ի պատասխան Էօզդեմիրի հնչեցրած «բարեփոխումների», հավելեցՙ քրիստոնյաների վիճակն էական փոփոխություն չի կրել: Թուրքիայի կառավարությունը ազատությունների մասին խոսելիս լիքը բերանով չպիտի վրա տա, քանի դեռ իր երկրում չի խոսում հիմնարարՙ կրոնական ազատության մասին: Էրդողանն ասում էՙ ուզում եմ Գերմանիա գալ, կգամ ու կխոսեմ: Կարող եք գալ, բայց մենք էլ պիտի գանք ու պահանջենքՙ Ինջիռլիք ենք ուզում գնալ, ասաց Քաուդերըՙ հավելելով, թե տուրիզմի նահանջ արձանագրող երկրի ղեկավարը պիտի խորհիՙ սրանից հետո ո՞վ կուզենա այդ երկիր այցելել: Ուղիղ եթերում երեւաց Անգելա Մերկելը, որի դեմքին հավանության արտահայտություն էր:

Ըստ «Ռայնիշե փոստ» թերթիՙ գերմանա- թուրքական լարված հարաբերությունների վերաբերյալ 136.950 մասնակից ներառած հարցման, չորեքշաբթիՙ մարտի 8-ին, 82 տոկոսն այն կարծիքն է հայտնել, թե գերմանա- թուրքական հարաբերությունները երբեւէ այսքան լարված չեն եղել: Մարտի 7-ին արձանագրել եմՙ 85 տոկոսն էր նույն համոզման: Ուրեմնՙ տարիների փորձով չեմ սխալվելՙ նվազման միտում կա: Չեն մոռանա, բայց ավելի շատ կհիշեն, որ նույն ճամբարում ենՙ ՆԱՏՕ-ի կազմում, մանավանդ այն հեռանկարով, որ մոտենում է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի եւ Անգելա Մերկելի առաջին հանդիպումը, որ արծարծելու է Հյուսիսատլանտյան դաշինքի նոր մարտավարությունը: Իսկ Զիգմար Գաբրիելն երեկ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո կարծես վերընդգծեց Ռուսաստանի հետ իրենց տարբերությունները:

Բայցՙ խոսենք թուրք-գերմանական առճակատման կարեւոր մանրամասներից, որտեղ, բոլորն են կրկնում, թաքված շան գլուխներ են երեւում: Երկուշաբթի օրըՙ մարտի 6-ին, Չավուշօղլուի Համբուրգում նախատեսված ելույթը չկայացավ: Թուրքական հարսանիքների ու տոնախմբությունների համար նախատեսված մեծ սրահում ապահովված չէր հակահրդեհային համակարգի պատշաճ որակ: Նախարարը երեքշաբթի ելույթ ունեցավՙ հյուպատոսարանի բակում հավաքված մոտ 200- 300 հայրենակցի առջեւ: Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղական պաշտոնյաների որոշմամբ թուրք քաղաքական գործիչների քարոզարշավային ելույթները չեղարկվելուն զուգահեռ Անկարան օր օրի սաստկացրեց վերբալ էսկալացիան: Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները պիտի՞ դադարեցվեն «Դի ցայթի» հարցմանն ի պատասխան մարտի 8- ի երեկոյան 86 տոկոսը դրական պատասխան է տվել: Նոյն թերթի թղթակից Սեբաստիան Կեմփկենսը մանրամասն շարադրել է, թե ինչպես է Համբուրգի հյուպատոսարանի բակում Չավուշօղլուի ելույթի ժամանակ թուրքերի հարձակմանը ենթարկվել, զրկվել ակնոցից, երբ առաջին անգամ որոշել է խախտել լրագրությանՙ չեզոք լինելու օրենքըՙ գործընկերոջ հանդեպ համերաշխություն արտահայտելը գերակայելով: Վերցրել է մի պաստառ, շրջել ու գրելՙ «Free Deniz» (ազատություն Դենիսին): Համերաշխություն Գերմանիայում ծնված թուրք այն լրագրողին, որ երկու քաղաքացիություն ունենալով, հիմա Սիլիվրի բանտում է, եւ որի ազատ արձակումը դարձել է եվրոպական մի շարք երկրներում հանրային պահանջ: Մինչ այդ հենց նրա գրառմամբ թուրքերից մեկիՙ սահմանադրական հանրաքվեի օգտին քարոզչության մի բացատրություն: 10 տարի դեռ կպահանջվի, որ Թուրքիան արտոնի իրեն իրական դեմոկրատական ուղի բռնել, Էրդողանն իշխանություն է ուզում, որ երկիրն ուժեղացնի, ասել է գերմանաբնակ թուրք ընտրողը: Մեր գործընկերը շատ տպավորիչ է պատկերում Չավուշօղլուի պահվածքըՙ սկզբում դեմոկրատ էր ներկայանում, հետո… «Գերմանիա, թուրքական քաղաքականությանը մի՛ խառնվիր: Գերմանիան ակնհայտ վախ ունի, որ Թուրքիան կհզորանա, երբ հանրաքվեին «այո»- ն հաղթի: Գերմանիան անընդհատ դեմ է կանգնում Թուրքիային, ճնշում գերմանաբնակ թուրքերին»: Ինչ հիշում եմ`սա թուրքերի` հատկապես քարոզարշավային հռետորական հնարք է, որ լավ էլ արձագանք է գտնում գերմանաբնակ թուրքերի շրջանում: Հետո, ինչպես մեր գործընկերն է նկարագրում` «Էրդողան» վանկարկմանը զուգահեռ ձեռքերն են վեր պարզվումՙ մատների հպումով գորշ գայլերի նշանը ցուցադրում: Կողքին կանգնած կինը նկատում է գերմանացի լրագրողի պաստառը ու գոռումՙ «սադրիչ է»: Մեկն արագ պատռում է գրությունը, Թուրքիայի դրոշը գրկած մյուսները հարձակվում են հետեւից, մի մարդ հրում էՙ «դու՛րս այստեղից», վերից, վարից, աջից, ձախից հարվածներ: «Շնորհակալ եղիր Էրդողանի մարդկայնությանը, որ դեռ ապրում ես», ասում է մեկը:

Մարտի 8- ին Բեռլինում այդուհանդերձ կայացավ Գերմանիայի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, բայց լարվածությունը չթուլացրեց: ԳԴՀ արտգործնախարարը «Ադլոն» հյուրանոցում հանդիպեց Թուրքիայի իր պաշտոնակցին: 90 րոպե տեւած հանդիպում- նախաճաշից հետո պաշտոնյաների համատեղ մամլո ասուլիս չեղավ: Զիգմար Գաբրիելը լրագրողների հարցերին պատասխանեց արտգործնախարարության շենքում:

Չավուշօղլուն առիթ ունեցավ իր տեսակետները փոխանցել Բեռլինում մեկնարկած Զբոսաշրջության միջազգային ամենամյա տոնավաճառում, որտեղ Թուրքիան բազմաթիվ տուրիստական ընկերությունների գրավիչ փաթեթներով փորձում է գերմանացիներին համոզել, թե հենց իրենց լողափերի արեւն ու ավազն են շոյում ու կոփում առողջ մարմիններ: Տարվա մեջ 4 անգամ արձակուրդի մեկնող գերմանացիները, երկրորդ տարին է, որ նախապատվությունը տալիս են հունական եւ իսպանական լողափերին: Չավուշօղլուն հենց այստեղ է լավ տրամադրություն ունեցել, պաղպաղակ վայելելՙ ներսի դառնության վրա քաղցր լցնելով, բայց լրագրողի հարցը նրան խանգարել էՙ ի՞նչ կասի գերմանացի զբոսաշրջիկին արտգործնախարարը, որ ահաբեկչության երկյուղի պատճառով իր երկիր չի գնում, կամՙ լրագրողներին, որոնց համար Թուրքիայում վտանգավոր է: Չավուշօղլուի պատասխանը ես էլ անգլերեն գրեմՙ գերմանական մամուլին հավատարիմՙ Bullshit, որ անշուշտ հայերեն թարգմանություն ունի, բայց…արժե՞ որ թարգմանվիՙ մանավանդ Հայաստանում մեկնարկած ընտրարշավային մեր բառամթերքում այն կարծես լավ էլ ներմուծվեցՙ Սերգեյ Դանիելյանի շրջանառությամբ:

Բեռլինի ամենամյա զբոսաշրջության տոնավաճառում ոչ մի երկիր այդքանՙ 50- ից ավելի մասնակից չունի: Բայց ժպիտի առիթ չունեն տաղավարների մասնակից թուրք զբոսավարները: Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչություններն ու քաղաքական ճգնաժամը նրանց բիզնեսն անկման են հասցրելՙ վանելով հատկապես Գերմանիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներին: 2016- ին 25 միլիոն զբոսաշրջիկ է այցելել արտերկրից, որ 10 միլիոնով պակաս է նախորդ տարվա համեմատ: Հյուրանոցատերերը 2017- ին էլ աճ չեն ակնկալում: Արձակուրդային հասցե է Չավուշօղլուի ծննդավայր Ալանիան, ուրեմն նա հաստատ գիտի, որ իր երկրին գերմանացու այցն է նաեւ շնչառություն տալիս: Բայց նրա ելույթը զբոսաշրջության աճին դժվար թե օգնի, ԳԴՀ-ում քաղաքական ամբիոն չգտնելով, հենց այս հարթակից կոչ է անումՙ Գերմանիա՛, որոշի՛ր Թուրքիան բարեկա՞մ է, թե՞ թշնամի: Թուրքիայի համար հիմք չկա Գերմանիան թշնամի համարել: Նախագահական համակարգի ընդդիմադիրների սահմանադրական հանրաքվեի դեմ գործունեությանը Գերմանիայում չեն խոչընդոտում, կողմնակիցներինըՙ իհարկե, նկատել է տվել Թուրքիայի արտգործնախարարը: «Գերմանացիների հետ խնդիր չունենք, քաղաքական գործիչներն են վիճում», ասում են զբոսաշրջության բիզնեսով զբաղվող թուրք գործարարները: «Մեր ցանկությունը մեկն էՙ վիճակը շուտ բարելավվի, չէ՞ որ Թուրքիան ու Գերմանիան ոնց որ մատ ու եղունգ լինեն, ո՞նց բաժանես»:

Եղունգը սեւանում, թարախակալում, նորից աճում է, երբ մարմնի բջիջները դեռ չեն քայքայվել կամ էլՙ լավ բժշկի հսկողության տակ են: Գերմանիան հենց այդ բժիշկն է փորձում լինել:

Ի դեպ Նիդեռլանդներում, Շվեյցարիայում էլ Չավուշօղլուի առաջիկա օրերին նախատեսված քարոզարշավը դիմադրության է հանդիպում: Ռոտերդամում մերժել են շաբաթավերջին ամբիոն տրամադրել: Նրա Ցյուրիխ այցելելու, թուրք ընտրազանգվածի հետ հանդիպման ցանկությունն էլ չի իրականանում: Տեղական պաշտոնյաները հրաժարվում են առաջիկա կիրակի երաշխավորել թուրք արտգործնախարարի անվտանգությունը: Բեռնի պաշտոնական օրակարգում Չավուշօղլուի հետ որեւէ հանդիպում նախատեսված չէ:

ԱԶԳ

Share this content.